Հայաստանում շեշտակի աճել են սպանության փորձի դեպքերը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները
Հայաստանում հանցավորության վիճակագրությունը մտահոգիչ պատկեր է արձանագրում. նախորդ տարվա ընթացքում շեշտակի աճել են ինչպես սպանության փորձի դեպքերը, այնպես էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Մասնավորապես՝ համաձայն պաշտոնական վիճակագրության, 2025 թվականի ընթացքում 25,9%-ով աճել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության հանցագործությունները (2024 թվականին՝ 941 դեպք, 2025 թվականին՝ 1185 դեպք), 20,4%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները (2024 թվականին՝ 3017 դեպք, 2025 թվականին՝ 3631 դեպք), 4%-ով ավազակությունները (2024 թվականին՝ 75 դեպք, 2025 թվականին՝ 78 դեպք), 8,1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2024 թվականին՝ 853 դեպք, 2025 թվականին՝ 922 դեպք), 75%-ով՝ փողերի լվացման հանցագործությունները (2024 թվականին՝ 64 դեպք, 2025 թվականին՝ 112 դեպք):
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է hաստատված սպանությունների 50 դեպք: Հաստատված սպանությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 5-ով կամ 11,1%-ով (2024 թվականին՝ 45 դեպք). Երևան քաղաքում սպանության դեպքերն աճել են 4-ով կամ 30,8%-ով: Սպանության փորձի դեպքերը, 2024 թվականի համեմատ, աճել են 14-ով կամ 21,9%-ով (2024 թվականին՝ 64 դեպք, 2025 թվականին՝ 78 դեպք):
Ըստ դատախազության հաղորդման՝ սպանության նախապատրաստության դեպքերն աճել են 10-ով կամ 500%-ով (2024 թվականին՝ 2 դեպք, 2025 թվականին՝ 12 դեպք): Այսպիսով, 2025 թվականին անձի կյանքի դեմ ուղղված 10 դեպք նախապատրաստության փուլում կանխվել է: Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները 2025 թվականին նվազել են 31-ով կամ 15,3%-ով՝ կազմելով 172 դեպք՝ 2024 թվականին արձանագրված 203-ի փոխարեն: Մարդկանց թրաֆիքինգի դեպքերը նվազել են 11-ով կամ 31,4%-ով (2024 թվականին՝ 35 դեպք, 2025 թվականին՝ 24 դեպք): Քանակական առումով նվազում է արձանագրվել նաև՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքերով. նվազումը կազմել է 290 դեպք կամ 51,8% (2024 թվականին՝ 560 դեպք, 2025 թվականին՝ 270 դեպք), առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերով. նվազումը կազմել է 64 դեպք կամ 20,6% (2024 թվականին՝ 310 դեպք, 2025 թվականին՝ 246 դեպք), առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով. նվազումը կազմել է 26 դեպք կամ 9,6% (2024 թվականին՝ 271 դեպք, 2025 թվականին՝ 245 դեպք):


