շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում որևէ մեկը չի կարող հետապնդվել առանց օրենքի տառը պահելու. Պատգամավոր

Հայաստանում որևէ մեկը չի կարող հետապնդվել առանց օրենքի տառը պահելու. Պատգամավոր

Ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում և ամեն ինչ անում են օրենքի սահմաններում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով նախօրեին ոստիկանների կողմից Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») տներում իրականացված գործողություններին

Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ մեկը չի կարող հետապնդվել առանց օրենքի տառը պահելու:

Պատգամավորը նշեց նաև, որ այդ դեպքի հետ կապված հասարակության կողմից որևէ բողոք չկա, որոշ կայքեր են փորձում նման կերպ ներկայացնել:

Հարցին, թե հասարակությունը գո՞հ է կառավարության աշխատանքից, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, լինում են բողոքներ՝ կապված որոշ գերատեսչությունների աշխատանքի հետ, որոնք շատ արագ լուծվում են մեր միջնորդությամբ, այդ գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ: Բոլոր բարձրացված հարցերը լսելի են, ընդունելի են և դրանց լուծումները շատ արագ տրվում են»:

Դիտարկմանը՝ նորմա՞լ է համարում, որ մտնում են բուհ, ձեռնաշղթաներով անձին տանում են, կամ երեխաների աչքի առջև հորը ձերբակալում, տանում են, վախեցնում են ընտանիքի անդամներին, Հայկ Սարգսյանն ասաց, որ «Դա որոշում է տվյալ ուժային կառույցը, թե ինչպես պետք է անի, դա կախված է գործի առանձնահատկություններից: Իրենք են ընտրում մեթոդը»:

Անդադառնալով այն փաստին, որ Արամ Վարդանյանի տան խուզարկության համապատասխան փաստաթուղթը չեն ներկայացրել փաստաբաններին, պատգամավորը նշեց, թե ինքը համոզված չէ, որ չեն ներկայացրել»:

  • Կիսվել: