հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հանցագործությունների դեպքերն ավելացել են, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ նվազել. Ա.Դավթյան

Հանցագործությունների դեպքերն ավելացել են, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ նվազել. Ա.Դավթյան

Հայաստանում 2019 թվականին գրանցվել է հանցագործության 26 հազար 850 դեպք, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 2172-ով կամ 8.8%-ով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ բարձրացել է իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության մակարդակը, բացի այդ բարեփոխվել է հանցագործների հաշվառման գործընթացը, անհամեմատ նվազել է ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան:

Արթուր Դավթյանը նշեց, որ 2008-2018 թթ. կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը տոկոսային արժեքով կազմել է 28.1 տոկոս, իսկ 2019-ին՝  17.8 տոկոս:

Նրա խոսքով, հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորվել է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով, ինչը, իհարկե, մտահոգիչ է:

«Վերջին 10 տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են գրեթե 3 անգամ։ Աճը հիմնականում գրանցվել է գողությունների, այդ թվում՝ բնակարանային գողությունների, խարդախությունների, յուրացումների և վատնումների հաշվին»,- ընդգծեց գլխավոր դատախազը։

Նա նաև նշեց, որ հանցագործության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը՝ 20 տոկոսից իջել է 16 տոկոսի: «Նախորդ տարվա համեմատությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 671-ով կամ 13.5 տոկոսով: Սակայն 12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018-ին արձանագրվել է 35, իսկ 2019-ին՝ 47»,- ասաց Արթուր Դավթյանը։

Նա միաժամանակ հայտնեց, որ  2018-ին արձանագրվել էր սպանության դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ՝ 35 դեպք, ինչն, ըստ նրա, նվազագույնն է առնվազն վերջին 35 տարվա կտրվածքով։  Գլխավոր դատախազը նշեց նաև, որ 2019-ին արձնագրված 47 սպանության դեպքերից 5-ը կատարված են եղել նախորդող տարիներին:

«100 հազար բնակչին բաժին է ընկնում սպանության 1.6 դեպք, ինչը վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է 0.4 տոկոսով: 2019-ին հանցագործությունների վիճակագրությունը փաստում է, որ 100 հազար բնակչին բաժին է  հասնում 906 դեպք: Այս ցուցանիշով մեր երկիրը դրականորեն տարբերվում է ԱՊՀ երկրներից»,- նշեց Արթուր Դավթյանը:

  • Կիսվել: