Հայաստանում չկա դատական համակարգ. ունենք ընդամենը մի քանի դատավորներ, ովքեր աշխատում են. Արամազդ Կիվիրյան
Այսօր դատավորները դուրս են եկել իրենց ուղիղ գործառույթից՝ արդարադատություն իրականացնելուց եւ կատարում են տեխնիկական բնույթի հարցեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց փաստաբան Արամազդ Կիրվիրյանը:
«Պետք է հասկանալ, թե ի՞նչ է փոխվել, բնակչության թի՞վն է ավելացել: Նախկին քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարիներ առաջ երկամսյա ժամկետ էր սահմանում գործերը քննելու: Ոչ մեկը երկու ամսում չէր քննում, բայց 3-4 ամսում քննում էին, ավարտում էին գործխերը: Նոր օրենսգրքով սահմանել եք 3 ամսյա ժամկետ աշխատանքային վեճերի քննման, ո՞ւմ է պետք դա սահմանելը, երբ դատավորներն ի վիճակի չեն դա իրականացնել:
Ես մեծ հույսեր չունեմ այս քննարկումից, ես կարծում եմ, որ քննարկումը պետք է լինի համակարգային: Այսինքն պետք է պարզել՝ ո՞վ է 95 տոկոսով ծանրաբեռնում դատարաններին, բա՞նկը, ուրեմն պետք է մի քննարկում ծավալել բանկի հետ, հարցնել՝ որտեղի՞ց է առաջանում այս խնդիրը, կա՞ այլընտրանքային ինչ-որ միջոց քո խնդիրները լուծելու, որ դու դատավորներին չարձնես քո կցակառույց»,-ասաց նա:
Արամազդ Կիվիրյանը աբսուրդ որակեց դատարան դիմելու տուրքն ավելացնելը այն բանի համար, որ մարդը նյութական վիճակից ելնելով չդիմի դատարան. «Արդարադատության տուրքը չպետք է որեւէ ձեւով սահմանափակվի, երբ պետական տուրքը հնգապատկում են, ինձ համար դա անհասկանալի է: Կամ ասում են՝ դատական ծախսերն ավելացնենք, դնենք դիմացի կողմի վրա: կարելի է, բայց ես չեմ ուզում՝ արդարադատությունում լինի վախի մթնոլորտ, որ մարդիկ չդիմեն դատարան՝ վախենալով, որ նյութական լրացուցիչ խնդիրներ կարող է ունենալ:
Մենք չունենք դատական համակարգ, մենք ունենք ընդամենը այդ օղակում մի քանի դատավորներ, որոնք աշխատում են»,-ընդգծեց փաստաբանը:


