Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում հունիսի 30-ին ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև գործում է դեռևս 2000 թվականի նոյեմբերի 21-ին Աթենքում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագիրը, բացի այդ, 2018 թվականի հուլիսի 3-ին երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, Հայաստանը Հունաստանի հետ արդյունավետ աշխատում է նաև Եվրաջասթի շրջանակներում:
Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Հունաստանի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Հունաստանում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:
Հունաստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը:
Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: