կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայ ռազմագերիներին ադրբեջանցիների կողմից գնդակահարելու տեսանյութը նկարահանվել է Իշխանասարի N դիրքում, սեպտեմբերի 13-ին. Զեյնալյան

Հայ ռազմագերիներին ադրբեջանցիների կողմից գնդակահարելու տեսանյութը նկարահանվել է Իշխանասարի N դիրքում, սեպտեմբերի 13-ին. Զեյնալյան

Հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսարանով վերջին տեսանյութը միակ ապացույցը չէ, որ ադրբեջանցիները թույլ են տալիս ռազմական հանցագործություններ, բազմաթիվ ապացույցներ կան եւ ներկայացվել են ինչպես ՄԻԵԴ-ում, այնպես էլ միջազգային այլ հարթակներում: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում անհետ կորածների, սպանվածների եւ գերիներ շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Նա ընդգծեց, որ նման դեպքեր տեղի ունեցել են Ադրբեջանի հետ բոլոր պատերազմների ժամանակ: «Սա հայատյացության ամենա վառ դրսեւորումներից է: Ինչ վերաբերում է կոնկրետ տեսանյութին, ապա, պետք է ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Իշխանասարի 191-րդ դիրքում»,- նշեց Զեյնալյանը: Ըստ նրա` երկու զինծառայողի հեշտությամբ  նույնականացրել են` դրանք պարտադիր ժամկետայիններ են եղել: «Մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել»,- նկատեց իրավապաշտպանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ գնդակահարված գերիների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տվյալները խիստ նախնական են: «Դեռեւս վաղ է ճշգրիտ թիվ ներկայացնել, թե քանի զինվոր է գնդակահարվել»,- նկատեց նա:

Իրավապաշտպանը նաև հայտնեց, որ կան հստակ ապացույցներ առ այն, որ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:

Զեյնալյանը նաև ասաց, որ տվյալ տեսանյութի հիման վրա արդեն իսկ դիմում է ներկայացվել Միջազգային ատյաններում իրավական պաշտպանության միջոցների գրասենյակ: Դիմում կներկայացվի նաև ՄԻԵԴ` կյանքի իրավունքի պաշտպանության առարկայով եւ հիմքով:

«Քննարկվում է նաեւ Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը, բայց դա դեռ քննարկվում է: Սա է լինելու հիմնականը»,- նշեց Զեյնալյանը: Անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հայտարարությանը առ այն, որ «այսօր նրան ուղարկվել են Ադրբեջանի նկատմամբ պատերազմական հանցագործությունների մասին վկայող տեսանյութեր»` Զեյնալյանը նկատում է, որ այս պահին հայկական կողմին որևէ նման տեսանյութ չի ներկայացվել, եւ, երկորդ Ադրբեջանի կողմից ներկայացված եւ որեւէ փաստ` կլինի դա տեսանյութ, թե մեկ այլ բան, չի կարող ի սկզբանե որպես արժանահավատ փաստ ներկայացվել:

«Ադրբեջանը փորձում է այս քայլով զուտ հավասարության նշան դնել կողմերի միջև, բայց կրկնում եմ` արժանահավատ փաստարկներ նա չունի»,- ընդգծեց իրավապաշտպանը:

  • Կիսվել: