երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. նախատեսվում է միավորել մի շարք քննչական վարչություններ

Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. նախատեսվում է միավորել մի շարք քննչական վարչություններ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով հնարոավորինս ճկուն կառուցակարգեր:

«Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը` հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով: Մասնավորապես, նախատեսվում է 2021 թ. ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասությամբ միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվանումով»,-ասաց նախարարը:

Բադասյանը հայտնեց, որ նախատեսվում է միավորել մի շարք քննչական վարչություններ.  «2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ, որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կլինի մասնագիտացված հիմնական մարմինը, որը կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները»:

Նախարարը հայտնեց, որ Հակակոռուպիոն կոմիտեի աշխատակիցները նախ անցնելու են բարեվարքության ստուգման գործընթաց:

«Կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը: Նախատեսվում է ամբողությամբ բարեփոխել հայտարարագրման համակարգը՝ այդ թվում հայտարարատուների, նրանց ընտանիքի անդամների շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնման, հայտարարագրի բովանդակության վերանայման, գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի միասնական համակարգի փաստացի ստեղծման և գործարկման միջոցով»,-ասաց Բադասյանը:

Բադասյանը նշեց, որ ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականը 16 մլրդ դրամի շրջանակներում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ ավելի արդյունավետ է, երբ քննչական մարմինը և օպերատիվ բլոկը նույն կառույցի ներսում են, իսկ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ավելի գլոբալ հարցերով կզբաղվեն:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: