երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
«Անընդհատ շահարկումներ լինելու են». Բադասյանը՝ գործարար Հայկ Շահնազարյանի մոտ ստուգումներ սկսելու եւ կալանքի մասին

«Անընդհատ շահարկումներ լինելու են». Բադասյանը՝ գործարար Հայկ Շահնազարյանի մոտ ստուգումներ սկսելու եւ կալանքի մասին

Իր մոտ մշտապես հարկային ստուգումներ եղել են, դրանց ընթացքում իրավախախտման փաստը ընդունվել եւ ճշտում է ներկայացվել 2023 թվականին, եւ եթե չեմ սխալվում,  նույն իրավախախտումը շարունակվել է կատարվել, վերջին գործողության հիմքում դա է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նրան, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր հետ հանդիպելու, շարժմանը միանալու համար գործարար Հայկ Շահնազարյանի մոտ ստուգումներ են սկսվել, նա տնային կալանքի տակ է:

«Քրեական վարույթի եւ կալանքի հետ կապված հարցերը պետք է Քննչական կոմիտեին հասցեագրեք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հենց քաղաքական հարց է ծագում, այդ դեպքում են այս կամ այն անձի նկատմամբ հարկային եւ այլ տեսակի քայլեր արվում, Բադասյանն ասաց. «Մենք միշտ էլ ստուգումներ անում ենք, տարբեր շահարկումներ միշտ արվում են: Հենց ինչ-որ մի պրոցեսի հետ համընկնում է, ասում են՝ այ էս պրոցեսի հետ էր կապված: Նոր պատգամավորներից մեկը հարցնում էր, ասում էր՝ մեր տեղեկություններով այսինչ սուպերմարկետը պատկանում է ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող անձին կամ իր ընտանիքին, ինչու այդտեղ վարչարարություն չեք անում: Ես հրապարակեցի վարչարարության արդյունքը, որով այդ սուբյեկտը 10 մլն դրամով տուգանվել է: Անընդհատ շահարկումներ լինելու են, եղանակի տեսությունից սկսած ամեն ինչը ամեն ինչի հետ կապված է»:

  • Կիսվել: