կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարկ վճարողի կողմից ակտերի բողոքարկումը չի կասեցնելու դրանց կատարումը. նախագիծ

Հարկ վճարողի կողմից ակտերի բողոքարկումը չի կասեցնելու դրանց կատարումը. նախագիծ

ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու և կատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:  

ՊԵԿ նախագահը պարզաբանեց՝ հաճախ հարկ վճարողը գեներացնում է հարկային պարտավորություն, որը սահմանված ժամկետում չի վճարում: Ըստ այդմ՝ գործում է գանձման ընթացակարգ, երբ կայացվում է գանձելու մասին որոշում, և ուղարկվում հարկ վճարողին:

«Այժմ փոխում ենք և ծանուցում ուղարկելուց, իրազեկելուց հետո 7 օր սպասում ենք հարկ վճարողի արձագանքին, դրանից հետո գույքի վրա արգելանք կիրառելու մասին որոշում ենք կայացնում, և 30 օրվա ժամկետում պարտավորությունը չդադարեցնելու դեպքում, ուղարկում ենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման:

Հաճախ պրակտիկայում արձանագրել ենք, որ հարկ վճարողն ինքն իր հաշվարկով առաջացնում է պարտավորություն, այնուհետև դատարան է բողոքարկում այն ակտերը, որոնք կայացվել են այդ պարտավորությունը գանձելու կապակցությամբ»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ դատարանները բավարարել են հարկ վճարողի հայցապահանջը, կամ գանձելու պրոցեսը ձգձգվում է տարիներով, դրա համար փոփոխությունների փաթեթով նախատեսվում է, որ նմանատիպ ակտերի բողոքարկումը չի կասեցնելու դրանց կատարումը:

  • Կիսվել: