հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն. Մելիքյանը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

Հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն. Մելիքյանը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը զրուցել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, որի տան վրա, ինչպես հայտնել էինք, հարձակում են գործել:

Այս առնչությամբ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր զրուցեցի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետեւյալը. Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որեւէ առիթի լկտի ձեւով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։

Խուլիգանությունը շարունակվել է նաեւ այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձեւաչափով»։

  • Կիսվել: