երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակվող պատժատեսակները կհստակեցվեն. նախագիծ

Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակվող պատժատեսակները կհստակեցվեն. նախագիծ

Մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ-ում ուժի մեջ են մտել նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը: Օրենսգրքերի կիրառության արդյունքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք ընդունելու ժամանակ դեռևս նկատելի չեն եղել: Ուստի ՀՀ արդարադատության նախարարությունը վեր հանված խնդիրների ու առաջարկների հիման վրա նախագիծ է մշակել. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զեկուցողը նշել է, որ նախագիծը կազմվել է բացարձակ կոնսենսուսի արդյունքում: Քննարկումներ են տեղի ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 69-րդ, 73-րդ, 76-րդ և 77-րդ հոդվածներում, որոնց արդյունքում առավել հստակեցվելու են հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակվող պատժատեսակները: Ըստ փոխնախարարի՝ կլավարկվեն Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կտան լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

«Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածում բացակայում են քրեական վարույթը կարճելու հիմքերը, այն կիրառողները գործողությունն իրականացնում են անալոգիայի հիման վրա: Փոփոխության արդյունքում կվերացվի խնդիրը, կշտկվի իրավիճակը: Գրավը կիրառելու դեպքում կնախատեսվի, որ գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կկցվի վարույթի նյութերին: Գրավը կիրառված կհամարվի գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնին ներկայացված լինելու պահից: Այս կարգավորումը նույնպես հստակեցնող դեր ունի, եւ, բացի այդ, կսահմանվի, որ պարտավորությունը չկատարելը հիմք է դատարանի համար մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար»,- ասել է Արա Մկրտչյանը:

Հաջորդ կարգավորումը վերաբերում է պատշաճ ծանուցված անձի՝ հիվանդության պատճառաբանությամբ չներկայանալուն: Օրենսգրքում կսահմանվի լիազորող նորմ, և առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի համար կսահմանվի վարույթային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և կարգի ներկայացումը:

«Ոչ մեծ ծանրության հանցանքների համար նոր հատուկ վարույթ կնախատեսվի: Եթե նախաքննության փուլում քրեական հետապնդման ենթարկվող անձը փաստաբանի ներկայությամբ ընդունի իր մեղքն ու համաձայնի իր նկատմամբ կիրառել համաձայնությամբ տուգանք նշանակելու հատուկ վարույթը և նշված հանգամանքին դեմ չի լինի նաև քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը, ապա այս հանգամանքը կարձանագրվի քրեական գործով, այն կուղարկվի դատարան: Դատավորը, քննելով մեղադրյալի կամքը և ստուգելով բացառող հանգամանքների բացակայությունը, եռօրյա ժամկետում կկայացնի արձանագրային հատուկ վարույթ ու մեղադրյալի նկատմամբ կնշանակի տուգանք՝ ընդ որում հոդվածի նախատեսված տուգանքի նվազագույն չափով»,- նշել է Արդարադատության փոխնախարարն ու կարևոր համարել նախաձեռնությունը, քանի որ դրանով կբեռնաթափվեն դատարաններն ու նախաքննական մարմինները:

Պատգամավորները հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք վերաբերել են վարույթի ընդունումը մերժելուն, ապացույց կեղծելու համար նախատեսված պատիժներին, դատաքննության հետաձգումներին:

Նախագծի հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ նախագիծը մեծ նախապատմություն ունի. այն բավականին երկար ու բազմակողմանի քննարկված է և կոչ է արել կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

  • Կիսվել: