ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով. Արդարադատության նախարարի տեղակալ

Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով. Արդարադատության նախարարի տեղակալ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում  նախատեսված փոփոխությունները վերաբերում են միայն Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացմանը եւ մանրամասնում են դրա հետ կապված կարգը. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ապրիլի 13-ի ԱԺ նիստում:

Նրա խոսքով ներկայումս օրենքով սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգ, բացակայում են կարգավորումները վարույթ իրականացնող մարմնի վերաբերյալ, կարգավորված չեն վարույթի իրականացման ընթացքում կոմիտեի ծառայողի իրավունքները:

Օրենքի նախագծով առաջարկվում է Կոմիտեում ներդնել կարգապահական հանձնաժողովի ձեւավորման կառուցակարգեր, մասնավորապես, ձեւավորել հանձնաժողով` 8 անդամից: Օրենքի նախագիծն ապահովում է կարգապահական  հանձնաժողովի ներառական կազմը`  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` նախագահի ընտրությամբ, վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման մեկ ծառայող, գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, ՄԻՊ-ի կողմից ներկայացված մեկ իրավաբան գիտնական եւ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով:  Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից նախատեսվել են առանձնահատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մեկ` ՄԻՊ-ի կողմից ներկայացված տեղակալը պետք է լինի իրավաբան գիտնական:

Ամրագրվել է, որ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչները պաշտոնավարելու են 2 տարի ժամկետով, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ինչպես նաեւ գլխավոր դատախազի ներկայացրած դատախազը` 1 տարի ժամկետով:

Արմենուհի Հարությունյանը նշել է նաեւ, որ  նախագծով կհստակեցվի կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգը: Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը կիրականացվի երկու փուլով` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ, որի համար սահմանված է հստակ ժամկետ` 1 ամիս: Սահմանվել են նաեւ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման երաշխիքներ: Նախատեսվում է շահերի բախման կարգավորումներ` հնարավոր դեպքերը կանխելու եւ բացառելու համար: Ամրագրվել են հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:

Փոխնախարարը տեղեկացրել է` հանձնաժողովը գործելու է հասարակական հիմունքներով:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ կոմիտեի գործունեության արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգեր եւ կառուցակարգեր նախատեսել կարգապահական պատասխանատվության ոլորտում: Նրա խոսքով օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է համապատասխան հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

  • Կիսվել: