երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաղորդում է ստացվել ոստիկանի կողմից․ ՔԿ-ն՝  իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Հաղորդում է ստացվել ոստիկանի կողմից․ ՔԿ-ն՝ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Քննչական կոմիտեն գյումրեցի  իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հաղորդում չի ստացել։ Այս մասին Infoport-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այդպիսին ստացվելու դեպքում  հիմքերը կուսումնասիրվեն, բավարար հիմքերի դեպքում քրեական վարույթ կնախաձեռնվի»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։

Միաժամանակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոխարենը միջադեպի հետ կապված հաղորդում է ստացվել ոստիկանի կողմից, վերջինս հաղորդում է տվել, որ տվյալ անձի կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել։

«Կոմիտեն հաղորդում է ստացել ոստիկանի նկատամբ տվյալ անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ։ Այդ հաղորդման առթիվ կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն»,-մանրամասնեց նա։

 Նշենք՝  երեկ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից։

«Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող Արտակ Պողոսյանը ցոցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս։ Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանությում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ։ Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը, գործելու եմ իմ իմացածով»,- գրել էր նա։

Հավելենք, որ կատարվածի առնչությամբ հայտարարություն  է տարածել  ՄԻՊ-ը։

Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

  • Կիսվել: