երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
 
Նախարար Գրիգոր Մինասյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել զարգացնելու, ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:
Նախարարն ընդգծել է տիկին դեսպանի անգնահատելի ներդրումն ու ջանքերն ուղղված արդարադատության ոլորտի զարգացմանը:
 
Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին դեսպանի՝ առաքելության ավարտից հետո նախարարության և ԵՄ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:
 
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումները կունենան իրենց արդյունքները:
 
Նախարարն ու տիկին դեսպանը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:
 
Կողմերն անդրադարձել են դատաիրավական և թվայնացման ոլորտի բարեփոխումներին, Արբիտրաժային կենտրոնի ստեղծման ընթացքին: Նախարարը կարևորել է նոր կենտրոնի ստեղծումը, որը նպատակ ունի նպաստելու դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։
 
Նշվել է Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, պետական բյուջեի և ԵՄ բյուջետային աջակցությամբ ներդրված տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման ընթացքը, որի արդյունքում ներկայումս շուրջ 400 անձ կրում է տնային կալանք խափանման միջոցը: Նախարարը կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, քանի որ այն միտված է գերծանրաբեռնվածությունից ազատելու քրեակատարողական հիմնարկները:
 
Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքն ու ընդգծել, որ ոլորտային բարեփոխումները պետք է շարունակական բնույթ կրեն:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջիկա նիստի օրակարգային հարցերը, առաջիկա ամիսների անելիքները:
 
Նախարարն ու տիկին դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 

  • Կիսվել: