երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գողություններ, ապօրինի զենք-զինամթերք. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումները

Գողություններ, ապօրինի զենք-զինամթերք. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումները

ՀՀ ոստիկանությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Օրերս Աշտարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:
Նոյեմբերի 29-ին էլ Աշտարակի համայնքային ոստիկանները Կոշ գյուղում իրականացրած հերթական ստուգում-շրջայցի ժամանակ տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող որսորդական հրացան: 24-ամյա երիտասարդը հայտնեց, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Նա ձերբակալվեց:

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ներկայացրեց մայրաքաղաքի 64-ամյա մի բնակիչ: Բազմաղբյուր բնակավայրում իրեն վստահված մի տնից գողացել էին փայտանյութ: Աշտարակի համայնքային ոստիկանները գողությունը բացահայտեցին հաղորդումից ժամեր անց։ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով ձերբակալվեց 62-ամյա մի տղամարդ: Հանգամանքները պարզվում են:

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնում գողության վերաբերյալ ևս մի հաղորդում ստացվեց: 70-ամյա տղամարդը հայտնում էր, որ Ագարակ համայնքի իր տան բակից գողություն էր կատարվել: Գողոնը չուգունե մի քանի խողովակ էր: Աշտարակի համայնքային ոստիկաններն այս գողությունը ևս արագ բացահայտեցին։ Հաղորդումից ժամեր անց նրանք հենց Ագարակ համայնքում ձերբակալեցին 29-ամյա մի երիտասարդի: Վերջինս հայտնեց, որ գողությունն ինքն է արել և խողովակները վաճառել է Ոսկեվազ համայնքի մի բնակչի: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: