Գնդապետ Միհրան Մախսուդյանի տնային կալանքը չի շարունակվի. Նա ազատ կարձակվի
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 20–ի դատական նիստում որոշվեց, որ գործով մեղադրյալ գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։
Հանրային մեղադրողները չառարկեցին ներկայացված միջնորդությանը՝ հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթղթերը Միհրան Մախսուդյանի առողջական վիճակի վերաբերյալ։
Մախսուդյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի հետ կապված, հնարավոր է՝ վիրահատության կարիք էլ լինի, իսկ տնային կալանքի համար կիրառվող էլեկտրոնային միջոցները խոչընդոտում են հետազոտությունների անցկացմանը։
Նոր, համակցված խափանման միջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 26-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա նիստում որոշվեց, որ նոյեմբերի 26-ից սկսած՝ Արման Իսրայելյանի նկատմամբ կկիրառվի 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։
Ակտիվիստ Արսեն Ղազարյանի նկատմամբ այսօր կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ղազարյանի խնամքին 2 անչափահաս երեխա կա, ավագ որդին պարտադիր զինվորական ծառայության է, իսկ ինքը՝ Ղազարյանն առողջական խնդիրներ ունի։
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ
Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացվեց տնային կալանքը:


