հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան

Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան

«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիներին:

«Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել վերջին՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում նաև կոնկրետ դիրքը բացահայտելու ուղղությամբ»,- հավելեց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։

Իրավապաշտպանն արդեն իսկ միջազգային ատյաններում ՀՀ-ն ներկայացնող իր գործընկերների հետ դիմում է պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար.

«Եթե ժամանակին պատժելիություն լիներ նմանօրինակ բազմաթիվ գործողություններին, ապա այսօր պատերազմական հանցագործությունները չէին շարունակվի։ Սա անպատժելիության հետևանք է»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ անզեն ռազմագերիներին: Տեսանյութին առավոտյան անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությունը:

Factor.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ սա արբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է. «Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»։

Ավելի ուշ ոճրագործությանն անդրադարձել էր նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ թվիթերյան գրառմամբ այն «ռազմական հանցագործություն» անվանելով.

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են հայ ռազմագերին պատժի ենթարկում: Եթե ​​ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատժվեն»,- գրել է Կլաարը։

  • Կիսվել: