ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Դատախազությունը, մասնավորապես, հայտնում է.

«Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ «Ազատության» հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել եւ պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վ. Գասպարին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին եւ կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Վ. Գասպարին դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, որի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը մասնակիորեն բավարարելով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ մարտի 30-ի որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխել է եւ որպես պատիժ է նշանակել ազատազրկում տասնմեկ ամիս ժամկետով։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Նշված գործին առնչվող նյութերը եւ դատական ակտերը եւս ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների շարքում: Արդյունքում պարզվել է, որ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական եւ չհիմնավորված են, խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալի պաշտպանության եւ արդար դատաքննության սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքները:

Մասնավորապես՝ մեղադրանքը եղել է անորոշ, վերացական կերպով ուղղակի մեջբերվել է վերագրվող հանցագործությունը սահմանող նորմի դիսպոզիցիան՝ առանց նկարագրելու հանցավոր արարքների կատարման ձեւն ու եղանակը: Ընդ որում՝ քրեական գործով տուժող ճանաչված անձ չկա: Այդ պայմաններում անհնար է դարձել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջների կատարումը, եւ Վ.Գասպարիի արարքում բացակայում է հանցակազմը:

Բացի այդ, դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանների ցուցմունքների վրա՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որեւէ հնարավորություն, ինչով սահամանափակվել է նրա պաշտպանության իրավունքը:

Ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւ Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որեւէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը եւ պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու եւ մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու պահանջով:

ՀՀ գլխավոր դատախազությունում վերոհիշատակյալ ուսումնասիրությունները շարունակվում են»։

  • Կիսվել: