երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց

Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց

Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը. Վարդանյանը եւս երեք ամիս կմնա կալանքի տակ:

Դատական նիստի ընթացքում Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել երաշխավորությամբ։

Գերասիմ Վարդանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ 14 պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը, Արծվիկ Մինասյանը, Աննա Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Գեղամ Մանուկյանը և ընդդիմադիր այլ պատգամավորներ։ Անձնական երաշխավորության միջնորդությունից զատ պաշտպանը միջնորդեց նաև որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, եթե, այդուհանդերձ, դատարանը գտնի, որ երաշխավորությունը բավարար չէ Վարդանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

՛՛Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ նախորդ նիստերի ընթացքում, ասել եմ՝ այն մարդը չեմ, որ գամ դատարան, կանգնեմ այստեղ ու ձեզանից ազատության խնդրեմ կամ ակնկալեմ:

Այն, ինչ կա ու կատարվում է, պայքար է, հայրենիք ու պետականություն ունենալու պայքար է, Արցախն ու Սյունիքը պահպանելու պայքար է։ Ես և իմ ընկերները գիտակցված մտել ենք այդ պայքարի մեջ, գնալու ենք մինչև վերջ մեր պետության, պետականության, Արցախի, Սյունիքի ապագան փրկելու համար։ Այս պայքարը մեր ուզածով է ավարտվելու։ Այս ամբողջ բեմականացումը կազմակերպողները, նախաձեռնողները, ներկայացնողները վաղ թե ուշ պատասխան են տալու՛՛,- դատարանում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Վարդանյանի նկատմամբ անձնական երաշխավորություն և գրավ կիրառելու միջնորդությունները՝ նշելով, որ մեղադրյալի խափանման միջոցի հիմքերը շարունակվում են պահպանվել, այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու Վարդանյանի պատշաճ վարքագիծը։

Նշենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին։

  • Կիսվել: