ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Գեղարքունիքի մարզում համայնքի ղեկավարը պնդում է, որ «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրենն իր 8 ազգականների հետ իրեն ծեծի է ենթարկել

Գեղարքունիքի մարզում համայնքի ղեկավարը պնդում է, որ «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրենն իր 8 ազգականների հետ իրեն ծեծի է ենթարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ նույն համայնքի ղեկավար, 31-ամյա Տիգրան Մուրադյանը դիմել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում համայնքի բնակիչների ահազանգի և դիմումի հետքերով գնացել է գյուղի Բ թաղամասի 13-րդ փողոց, որտեղ մի խումբ անձինք անհիմն վիճաբանել ու ծեծի են ենթարկել իրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունու ոստիկանները պարզել են, որ Տ. Մուրադյանի հետ վիճաբանել են նույն գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արտուշ Ղուկասյանը, 53-ամյա Արսեն Ղուկասյանը, 21-ամյա Սեյրան Ղուկասյանը, 50-ամյա Արմեն Ղուկասյանը, 20-ամյա Խաչիկ Ղուկասյանը, 24-ամյա Տիգրան Ղուկասյանը, 31-ամյա Տարոն Ղուկասյանը և 28-ամյա Սասուն Ղուկասյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքի ղեկավարը հայտնել է, որ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, իսկ պատճառը եղել է այն, որ ինքը՝ որպես համայնքի ղեկավար, Ա. Ղուկասյանին պատկանող պահածոների գործարանի կոյուղաջրերը ոռոգման առվի մեջ լցնելու մասին ահազանգեր է ստացել և այդ հարցով փորձել է պարզել իրողությունը, իսկ նշված անձինք խոչընդոտել են իր աշխատանքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտուշ Ղուկասյանն աշխատում է «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրեն։

Մինչ ոստիկանությունը կատարվածի մասին լսում էր համայնքի ղեկավար Տ. Մուրադյանին, նույն օրը ոստիկանության Մարտունու բաժին է դիմում նույն գյուղի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Ղուկասյանը և հայտնում, որ գյուղի Բ թաղամասի 13-րդ փողոցում իրենց ընտանիքին պատկանող պահածոների գործարանի կույուղաջրերը ոռոգման առվի մեջ լցնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ համայնքի ղեկավար Տ. Մուրադյանը ձեռքերով հարվածել է իրեն, ինչի հետևանքով իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: