Գավառում ապրիլին տեղի ունեցած փոխհրաձգության պատճառը եղել է գիշերային ակումբի զուգարանի լվացարանում թքելը․ Քննիչը մանրամասներ է ներկայացրել
Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած հանցագործության հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ է ներգրաված 30 անձ, այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Արմեն Միքայելյանը։
Նրա ներկայացմամբ, մեղադրյալների մեծ մասը՝ 25 անձ, մեղադրվում է զանգվածային անկարգություն կազմակերպելու համար, իսկ մյուսները՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար։
«Ներկա փուլում քրեական գործի նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, իրականացվում են քննչական գործողություններ՝ ապացույցներ ձեռք բերելու համար։ Նշանակվել են տարբեր փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում», -հայտարարեց Միքայելյանը։
Ըստ քննիչի, հանցագործության շրջանակը ամբողջությամբ պարզված չէ, սակայն հայտնի է՝ ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են անմիջական մասնակցություն ունեցել զանգվածային անկարգությանը։ Գավառում փոխհրաձգության պատճառը, ըստ քննիչի ունեցել է նախապատմություն։
«Դեռևս մարտին Գավառ քաղաքի գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբոր որդու՝ Արամ Հայթյանի կողմից լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն և քաշքռտուք է տեղի ունեցել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի միջև։ Դրա հետևանքով Արման Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Դրանից հետո արդեն մարտի 23-ին Արամ Հայթյանը Գավառում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Դրա վերաբերյալ, ի դեպ, առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։ Արդեն ապրիլի 28-ին Արմեն Հայթյանի կողմնակիցները նրան պատկանող մեքենայով հետապնդում են Հովիկ Հակոբյանի մեքենային, որի ղեկին լինում է Արման Մելքոնյանը։ Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին հաջողվում է փայտե մահակով հարվածել ու կոտրել Հակոբյանի մեքենայի ապակին։ Ահա սա է նախորդել Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությանը», -ներկայացրել է քննիչը։
Նա տեղեկացրեց, որ քրեական գործով հիմնավորվել է, որ Արմեն հայթյանի կողմից արձակված կրակոցների հետևանքով են մահացել Զոհրապ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը։ Արմեն Հայթյանին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց սպանելու ու ապօրինի զենք կիրառելու համար, և նա այժմ կալանավորված է։