«Գալաքսի» խմբի աշխատակիցները պահանջում են դադարեցնել հետապնդումները
«Գալաքսի» խմբի աշխատակիցները ստորագրահավաք են սկսել Change.org կայքում, որով պահանջում են դադարեցնել հետապնդումները և ճնշումները «Գալաքսի» խմբի կազմակերպությունների նկատմամբ։
«Ես օրինապաշտ ՀՀ քաղաքացի եմ։ Ապրում և աշխատում եմ Հայաստանի Հանրապետությունում և իմ ամենօրյա աշխատանքով արժեք ստեղծում պետության և հասարակության համար։ Իմ ապագան կապել եմ և շարունակելու եմ կապել Հայաստանի Հանրապետության հետ։
Մենք 3000 աշխատակիցներ ենք, ովքեր ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, երկրի զարգացման տարբեր տեսակետներ, Գալաքսի խմբում եղել ենք մի ընտանիք։ Այստեղ մենք բոլորս մի կողմ դնելով տարաձայնությունները և միավորելով մեր ուժերը, աճել ենք, հասել բազմաթիվ հաջողությունների՝ հպարտանալով մեր ընկերության առաջընթացով։ Համաճարակի դժվարին պահին, վստահ ենք եղել, որ ունենալով մեր թիկունքում հզոր և կայուն կազմակերպություն կհաղթահարենք այն և կօգնենք պետությանը նույնպես հաղթահարել ճգնաժամը։
Սակայն այժմ մենք դարձել ենք խոցելի մեր ընկերությունների շուրջ ստեղծված վերջին իրադարձություններով և այսօր, փաստորեն ստիպված ենք ոչ միայն համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարել, այլ նաև ստեղծված իրավիճակը, որը մեծ վտանգ է պարունակում ընկերությունների բնականոն աշխատանքի համար, իսկ մեզ կանգնեցրել է գործազրկության վտանգի առջև։
Համոզված ենք, որ մեր թիմով օրինակ ենք ծառայել գործարար աշխարհում, զարգացրել ենք Հայաստանում բիզնես միջավայրը և ավելի մեծ առաջընթաց կբերենք մեր երկրին և տնտեսությանը` շարունակելով մեր աշխատանքը։
Ուստի ելնելով վերոնշվածից պահանջում ենք դադարեցնել հետապնդումները և ճնշումները Գալաքսի խմբի կազմակերպությունների նկատմամբ, տարանջատել քաղաքականությունը բիզնեսից, թույլ տալ իրականացնել մեր բնականոն գործունեությունը՝ ստեղծել պետության համար կայուն կապիտալ, վճարել հարկեր, բացել նոր բարձր վարձատրվող աշխատատատեղեր և ամուր պահել մեր երկրի տնտեսությունը»,– ասվում է պահանջագրում։