ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գագիկ Խաչատրյանի առանձնատան հարկադիր վաճառքից հետո ԱՄՆ-ը 15 % պահում է կատարել․ դատախազ

Գագիկ Խաչատրյանի առանձնատան հարկադիր վաճառքից հետո ԱՄՆ-ը 15 % պահում է կատարել․ դատախազ

Ամերիկյան դատարանը հարկադիր վաճառքից հետո ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի առանձնատան արժեքի մոտ 15 %-ի պահում է արել: Այս մասին ՀՀ դատախազության 2024 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը գնահատվել է շուկայական ամենաբարձր գնով՝ 39,8 մլն դոլար։ Տան մակերեսը կազմում է 3100 քմ։
 
Վարդապետյանի խոսքով, նման գումար է ամերիկյան դատարանը որոշել՝ որպես Հայաստանի դատախազությունից ստացված հայցի վրա կատարված աշխատանքների (տան գնահատում, սակարկությունների կազմակերպում և այլն) հետ կապված ծախսեր:
Վարդապետյանի խոսքով՝ այլ երկրների գործընկերների հետ ձեռք է բերվել «ջենթլմենական համաձայնություն», որ այդպիսի դեպքերում պահման տոկոսն իրենք են որոշում:
Հիշեցնենք, որ տան բռնագրավումն ու հարկադիր վաճառքը կատարվել է Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի դեմ հարուցված գործի շրջանակներում: 2024 թվականի հունիսին Գագիկ, Գուրգեն և Արտեմ Խաչատրյանները հաշտության համաձայնություն ձեռք բերելու միջնորդություն են ներկայացրել ԱՄՆ դատարան, ինչից հետո դատարանը որոշել է առանձնատունը վաճառել շուկայական առավելագույն գնով։
 
Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով: Արտյոմ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան, իսկ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գագիկ Խաչատրյանը ևս հետախուզման մեջ է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, միջոցներ հափշտակելու, փողերի լվացման և կոռուպցիայի մեղսակցության մեղադրանքներով: Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված գործերի շրջանակներում դատախազությունը պահանջում է բռնագանձել ընդհանուր թվով 210 անշարժ գույք, 13 ավտոմեքենա, 29 ընկերություններում բաժնետոմսեր և 33 մլրդ դրամի (մոտ 85 մլն դոլար) դրամական միջոցներ:

  • Կիսվել: