երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվում. մասնագետները՝ հայ ռազմագերների գնդակահարության մասին

Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվում. մասնագետները՝ հայ ռազմագերների գնդակահարության մասին

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին տելեգրամյան ալիքներում տարածվեց տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ անզեն ռազմագերներին: Այդ տեսանյութի մասով այս պահին ընթանում են աշխատանքներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը:

«Այս պահի դրությամբ մեր գրասենյակն ակտիվ իր աշխատանքները կենտրոնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ»,- ասաց Քարազյանը:

Նրա խոսքով, ցավոք տեսանյութում երևում է, որ այդ անձինք ուղղակի սպանվում են՝

«Այս պահին միջանկյալ միջոցի մասով, որպես առանձին պահանջ ներկայացնել՝ իրավական գործիքները մեզ թույլ չեն տալիս, բայց անպայման դա կօգտագործվի որպեսզի առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը ևս մեկ անգամ եվրոպական դատարանում բարձրացվի: Եվրոպական դատարանին՝ ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվում, որպեսզի ի վերջո այդ միջանկյալ միջոցներին հաջորդող պրոցեսներում, երբ միջպետական գանգատները կկոմունիկացվեն, կամ առհասարակ կներկայացվեն Եվրոպական դատարան, այդ շրջանակներում, բնականաբար այս փաստը ևս կարձանագրվի և համապատասխան պահանջներ կներկայացվեն դատարանին արդեն իրավունքների խախտման մասով»,- ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալը:

Հարցին, թե որքան ժամանակ պետք կգա, որպեսզի միջազգային հանրությունն ուսումնասիրի տեսանյութն ու հաստատի, Դիանա Խարազյանը նշեց, որ նրանց կողմից հետևությունները հիմնվում են իրավական գործընթացների ընթացքում հաստատվողղ փաստերի  վրա:

«Կոնկրետ ժամանակահատված, ցավոք, նման դեպքերում հստակ որոշակիություն չի լինում, բայց այն հարցադրումը՝ որ եթե դա հաստատվի, անհերքելի է, որ այդ անձինք այդ պահին գտնվում են Ժնևյան կոնվենցիաների ներքո: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ իրենք անպաշտպան վիճակում են գտնվում, այսինքն ռազմագերու կարգավիճակում են և նրանց կյանքի իրավունքն ուղղակիորեն, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից պաշտպանվում է»,- ասաց նա:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ նման պահանջներ անպայման կներկայացվեն Եվրոպական դատարան: «Լիահույս ենք, որ Եվրոպական դատարանը կյանքի իրավունքի խախտումը ևս կպաշտպանի և կարձանագրի»:

Հարցին, թե Ադրբեջանի կողմից հաստատված գերիների թիվը որքան է այս պահին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց՝

«Հաստատված անձինք, այսինքն որոնց գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ եղել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից  հաստատված անձինք, որոնց մասին տեղեկությունները փոխանցվել են Հայաստանի իշխանություններին: Դա նշանակում է, որ այդ անձինք արդեն գտնվում են պահման վայրերում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հնարավոր է տեսանյութի հետ կապ չունի»,-նշեց Զառա Ամատունին:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն էլ հայտնեց, որ Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո իր մոտ 17 ռազմագերի է գտնվում։

Նրա խոսքով` այս պահին գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացել է Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու վրա։ Սակայն, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։

Քարազյանը հավելեց` 44-օրյա պատերազմից հետո էլ շուրջ 30 պահվող անձինք դատավարության գործընթացով են անցնում։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք կան։

  • Կիսվել: