ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե այստեղ գործին ընթացք չտրվի, Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Մակինյանը կդիմի ՌԴ իրավապահներին

Եթե այստեղ գործին ընթացք չտրվի, Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Մակինյանը կդիմի ՌԴ իրավապահներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պաշտպանյալի գործով վարչապետի օգնականի դեպքով այլ երկրի՝ ՌԴ-ի իրավապահներին կդիմի, եթե այստեղ գործին ընթացք չտրվի:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ցավում եմ, որ մեր երկրի խայտառակությունը՝ փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի գործունեությունը, ստիպված եմ լինելու քննության առարկա դարձնել այլ երկրի իրավապահ մարմիններում. սպասելու եմ մինչև Ռուբեն Հայրապետյանի նախանշած ժամկետներն անցնելը, որից հետո այս գործի կոծկման փորձի դեպքում՝ որպես նաև ՌԴ քաղաքացու շահերի դեմ ուղղված հանցագործություն, այդ մասին համապատասխան ապացույցները ներկայացնելով՝ դիմելու եմ ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն:

…որպես հետգրություն առաջարկում եմ ևս մեկ անգամ մտածել այս խայտառակությունը կոծկելուց առաջ…՛՛:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից՝ մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նշենք, որ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ այս դեպքի առնչությամբ հաղորդում է ուղարկել դատախազություն։

Հիշեցնենք նաև, որ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

  • Կիսվել: