երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե այս գործը չվերաբերեր Հայկ Սարգսյանին, դատարան չէր հասնի․ պաշտպան

Եթե այս գործը չվերաբերեր Հայկ Սարգսյանին, դատարան չէր հասնի․ պաշտպան

«Քրեական գործը, ըստ գործում առկա փաստաթղթի, 2007 թվականին կարճվել է և ուղարկվել է դատախազին, որ օրինականությունը ստուգվի։ Այդ պահի դրությամբ քրգործում եղել է 75 թերթ, այս պահի դրությամբ կա 35 թերթ փաստաթղթի պատճեն, այսինք՝ 41-42 թերթի տարբերություն կա, որոնց գոնե պատճեններն էլ չկան։ Ցանկացած քրգործում եթե օրինական փաստաթղթերը չկան, համարում ենք, որ որևէ ապացույց գոյություն չունի, և քրգործը չի կարող շարունակվել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ եթե այս քրգործը չվերաբերեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանին, այն դատարան չէր հասնի:

Սարգսյանն ասաց նաև, որ առանց քրգործն ուսումնասիրելու՝ հայտարարվել է նոր երևան եկած հանգամանքի մասին․ «Երբ Դավիթ Սիմոնյանը դիմում է հասցեագրել համապատասխան մարմնին՝ նշելով՝ ժամանակին չեմ ասել, որ Հայկ Սարգսյանն է իմ ուղղությամբ կրակել, հիմա եմ ասում այս տվյալը, ինչ պետք է անի վարույթն իրականացնող մարմինը, դատախազը պարտավոր է վերցնել այդ հաղորդումը, համեմատել ամբողջ քրեական գործի հետ, ուսումնասիրել՝ արդյոք այդ տվյալը առկա եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե որևէ անգամ քրգործում այդ մասին հղում կատարված լիներ, թեկուզ ինչ-որ մեկն ասած լիներ, չէին կարող ասել, որ սա նոր հանգամանք է, բայց այս դեպքում, չունենալով քրգործը, ընդամենը քննիչի՝ 2007 թ որոշման բովանդակությամբ ասում են՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ տվյալ չկա։ Սա ընդամենը ենթադրություն է։ Այս հիմքով ևս չի կարող գործը համարվել օրինական»։

Երեմ |Սարգսյանը վստահեցրեց, որ Դավիթ Սիմոնյանի ցուցմունքը չի համընկնում փորձագետների եզրակացության հետ: Որպես մեկ այլ հանգամանք՝ նա նշեց. «Դավիթ Սիմոնյանն ասում է, որ Հայկ Սարգսյանը մոտ 1,5 մետրից առջևից կրակել է իր որովայնին, վնասվածք պատճառել։ Գործում առկա են երկու փորձաքննություններ՝ դատաձգաբանական և դատաքիմիական, որոնք ասում են, որ մուտքը կրծքավանդակի հետին հատվածից է, իսկ ելքը առջևից է։ Արդեն տարբերությունն ակնհայտ է։ Փորձագետները ասում են՝ 10-30 սմ մոտ տարածքությունից, այստեղ 1,5 է։ Այսինքն՝ տարածություն, դիրք՝ չեն համապատասխանում Դավիթ Սիմոնյանի ցուցմունքներին»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռեւս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում:

2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղեւոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով եւ հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության եւ հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլեւ Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղեւոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղեւոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, եւ ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղեւոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. եւ Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:

Նոր երեւան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Գործն այս պահին դատարանում է։

  • Կիսվել: