երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում Մկրտիչ Սրբազանի նկատմամբ. փաստաբան

Ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում Մկրտիչ Սրբազանի նկատմամբ. փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը բռնի անհետացել է, այսինքն, հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս, պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արմինե Ֆանյանը, գրում է news.am-ը:

«Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը։ Այժմ փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը։ Ասեմ, որ դա հանցանք է, երբ որ պետության թողտվությամբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Հիմա այսքան ժամանակ այստեղ ենք, խուզարկություն է իրականացվել և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, որպեսզի հավանաբար բերվի նախաքննական մարմին, բայց մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը»,–ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այս պահին բերման ենթարկված հոգեւորականները չեն հարցաքննվում, նրանք հայտարարել են, որ ցանկանում են պաշտպանի ներկայությամբ հարցաքննվել. «Նրանց մի մասը դուրս է եկել, բայց ներսում էլի ունենք քահանա, ով դեռ դուրս չի եկել։ Անունն այս պահին չեմ հիշի»,–ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այս գործողությունների պատճառը, հավանաբար եղել է Տեր Արամի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որտեղ նա ասել էր, որ 2021 թվականին հարկադրանքով մասնակցել է ցույցերի. «Ստույգ տեղեկություն չունենք, բայց հաշվի առնելով, որ հենց Արագածոտնի թեմի քահանաներն են բերման ենթարկվում, կանխատեսելի է, որ հենց այդ պատճառով է։

Մենք մուտք ենք արել անհրաժեշտ փաստաթղթերը որպես պաշտպան ներգրավելու խնդրանքով, բայց դեռևս որևէ արձագանք չկա, քննչական մարմնի դռները փակ են, փաստաբանները նույնիսկ փորձում են մուտք գործել, հարցեր ունենք առաջադրելու, բայց դռները փակ են»,–ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ քահանաների տներում ևս խուզարկություններ են եղել։

«Մեր տեղեկություններում այս պահին ներսում մեկ քահանա է, բայց քահանաներն ասում են, որ էլի անձինք կան, որ չկան։ Աշխարհիկ աշխատակիցներ էլ են բերման ենթարկվել։

Այժմ սպասում ենք պարզելու համար, ի վերջո, որտեղ է Մկրտիչ սրբազանը, հասկանանք բերում են այստեղ, թե ոչ։ Փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը, ՄԻՊ-ին էլ ենք ահազանգել, դեռ անարդյունք է։

Քրեական օրենսգրքում «բռնի անհետացում» հանցակազմ կա երբ պետության պատվերով, կարգադրությամբ կամ թողտվությամբ անձը բռնի անհետանում է, և նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, և անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Այս պահին մենք ունենք դասական հենց այդ իրավիճակը»։

Ֆանյանը հայտնեց, որ իրենք տեղյակ չեն անգամ, թե ով է այն քննիչը, որի հետ անհետացել է Մկրտիչ Սրբազանը. «Չեն հայտնում մեզ այդ տվյալը։ Եթե պարզեինք գոնե ով է քննիչը, կփորձեինք քննիչի հետ կապ հաստատել։ Ասեմ նաև, որ Սրբազանի հեռախոսը անհասանելի է, բազմաթիվ զանգեր ենք կատարել։ Ակնհայտ է, որ պետության ջանքերը ուղղված են նրան, որպեսզի թաքցնի պետությունը նրա գտնվելու վայրը։ Այս պահին անհայտ է, թե ինչ գործողություններ են նրա հետ իրականացվում, բնականաբար բոլոր գործողությունները ապօրինի են, բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական, այլապես իմաստը ուղղակի այս բռնի անհետացման կբացակայեր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։

  • Կիսվել: