ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկու մահ է գրանցվել,  քրեական վարույթ չպե՞տք է հարուցվի. Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ-ին

Երկու մահ է գրանցվել, քրեական վարույթ չպե՞տք է հարուցվի. Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ-ին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը հրավիրեց վարչապետի այն հայտարարության վրա, երկու անձ մահացել է, քանի որ չեն կարողացել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, տեղ չի եղել:

«Կուզենայի Ձեր արձագանքը լսել,  որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց  հետևի, թե ոչ պատասխանատվության մասով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՝ պարզելու համար մեղավորներին, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,- ասաց պատգամավորը։

Արման Թաթոյանն էլ նկատեց, որպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ:

Նա նշեց, որ մարդու իրավուքնների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաև դրա հետ կապված պարզաբանումներին, որպեսզի հասկանան իրենց հետագա գործունեությունը:

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել».-ընդգծեց Արման Թաթոյանը։

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե արդյոք ՄԻՊ-ը չի կարծում, որ հենց բոլոր հարցերը պարզաբանելու համար պետք է հարուցվի վարույթ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեև անկախ է: Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ»։

Պատգամավորը նաև ասաց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, դատապարտյալների և կալանավորների շրջանում բողոքներ կան։

«Առռայժմ փորձում եմ ճշտել տեղեկատվությունը և չեմ ցանկանում փակագծերը բացել»,- նշեց Զոհրաբյանը՝ դիմելով ՄԻՊ-ին, թե ինչ տեղեկություններ ունի այդ դեպքի վերաբերյալ:

Ի պատասխան Արման Թաթոյանն ասաց, որ տեսել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հետ կապված մամուլում  եղած հրապարակումը և գրությամբ դիմել են ՔԿՀ-ի իրենց գործընկերներին, սպասում են պարզաբանման:

  • Կիսվել: