չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր: Դեմ ձայներ չկային:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում եւ չքվեարկեցին:

Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը, սակայն, չընդունվեց, քանի որ դեմ էին բոլորը:

Ըստ Միրզոյանի՝ ԱԺ կանոնակարգ օրենքը չի կարգավորում, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն որոշում չի ընունում որոշման նախագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ: Նա ասաց. «Մենք կշարժվենք առաջ եւ կկազմակերպենք երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը»:

Հիշեցնենք նաեւ, որ նախագիծն իշխանություններն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, որն այսօր հրապարակել է իր կարծիքը։ Եզրակացության 82–րդ կետով հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ Ազգային ժողովը նախագիծն օրակարգ է մտցրել այն օրը, երբ պիտի հրապարակվեր հանձնաժողովի կարծիքը, նաև նշել էր, որ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։ Մյուս վիճահարույց հարցը նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելն է, որը ԱԺ–ն չի արել, որը, սակայն, ըստ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների, պետք է արվեր։

Փոփոխությունների համաձայն՜ ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

 

  • Կիսվել: