հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Երկքաղաքացիություն ունեցող ջավախքցիները ՀՀ-ում Վրաստանի վարորդական իրավունքով երթևեկելու համար այլևս չեն տուգանվելու. Շիրակ Թորոսյան

Երկքաղաքացիություն ունեցող ջավախքցիները ՀՀ-ում Վրաստանի վարորդական իրավունքով երթևեկելու համար այլևս չեն տուգանվելու. Շիրակ Թորոսյան

Այն ջավախքցիները, որոնք երկքաղաքացի են, այսինքն՝ ունեն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիություն, բայց երթևեկում են Վրաստանի վարորդական իրավունքի վկայականներով, որովհետև հիմնականում ապրում են Վրաստանում, Հայաստան մուտք գործելիս այլևս ենթակա չեն տուգանման: Այս մասին ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: 

Նրա խոսքով՝ ՆԳՆ-ի ներկայացրած փաթեթում շատ կարևոր հատված է ««Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին օրենքի փոփոխության համար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ օրենքի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար: 

Նրա խոսքով՝ օրենքի գլխավոր շահառուն ջավախքցին է:

«Վերջապես այլևս որևէ ջավախքցի ՀՀ-ում վրացական վարորդական իրավունքով երթևեկելու համար չի տուգանվելու: Երեք ամիսը մեկ սահմանը հատելով՝ նա իրավունք ունի այստեղ երթևեկել, այսինքն՝ պրակտիկորեն ջավախքցիները այլևս չեն տուգանվելու»,- գոհունակությամբ հայտարարեց պատգամավորը:

  • Կիսվել: