երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երկարաձգվեց Վահե Դեմիրճյանի՝ ՄԻԵԴ գործուղման ժամկետը

Երկարաձգվեց Վահե Դեմիրճյանի՝ ՄԻԵԴ գործուղման ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում երկարաձգեց Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վահե Դեմիրճյանը 2019 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Նախագծի հիմնավորման համաձայն՝  ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք վճիռների կատարումը։ 2020թ. ընթացքում սպասվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճիռների, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և կատարման տեսակետից բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբան(ներ)ի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։ Նշված մոտեցումը կիսել է նաև Եվրոպայի Խորհրդի անձնակազմի կառավարման վարչությունը՝ առաջարկելով ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը հնարավորության դեպքում երկարաձգել Վահե Դեմիրճյանի գործուղումը:

Հարկ է նշել նաև, որ միայն 2019 թվականի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի կողմից փակվել է Հայաստանի դեմ կայացված 16 վճիռների կատարման ընթացակարգ,, ԵԽ նախարարների կոմիտե են ուղարկվել մի շարք վճիռների վերաբերյալ գործողությունների պլաններ և հաշվետվություններ, ինչում էական դեր է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Վահե Դեմիրճյանի արդյունավետ համագործակցությունը:

  • Կիսվել: