հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու համար. փաստաբան

Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու համար. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Հատկանշականն այն է, որ որոշումը հրապարակվելու էր ժամը 17:00-ին։ Ժամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը, իսկ որոշման հրապարակումից 2-3 րոպե անց դատական նիստերի դահլիճ մտան ուղեկցող գումարտակի ծառայողները։

Կարծում եմ մեկնաբանելն ավելորդ է…»,- գրել է նա։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Նշենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։ Նա մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն այսօր նույնպես կալանավորվել է։

 

  • Կիսվել: