երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում քաշքուկի ընթացքում 34-ամյա գորիսեցին դանակահարելով 27-ամյա տուժողին՝ դիմել էր փախուստի

Երևանում քաշքուկի ընթացքում 34-ամյա գորիսեցին դանակահարելով 27-ամյա տուժողին՝ դիմել էր փախուստի

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդումը ստացվեց հուլիսի 23-ի ժամը 20.38-ին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, կտրած վերք ախտորոշմամբ, բուժօգնության էր դիմել 27-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Արաբկիրի ոստիկանների արձագանքը օպերատիվ էր՝ ինչպես միշտ:

Բուժօգնության դիմած երիտասարդը փորձել էր մոլորեցնել բժիշկներին: Ոստիկաններին ներկայացված վարկածը արժանահավատ չթվաց:

Դեպքի որոշ հանգամանքներ հնարավոր եղավ ամբողջացնել Արաբկիրի ոստիկանների պրոֆեսիոնալ և համակողմանի աշխատանքի շնորհիվ։

Պարզվեց՝ ժամը 19.20-ի սահմաններում տուժողը մայրաքաղաքի Սունդուկյան փողոցից իր «ԲՄՎ»-ով եկել էր Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ վեճի էր բռնվել իրեն ծանոթ 34-ամյա գորիսեցի տղամարդու հետ։ Վեճը թեժացել էր: Հարվածներ էին հասցրել միմյանց։ Ամեն ինչ, սակայն, այսքանով չէր ավարտվել. զարգացումները ծավալվել էին Ղափանցյան փողոցում։ Այստեղ շարունակված վիճաբանության և քաշքուկի ընթացքում 34-ամյա գորիսեցին դանակահարելով 27-ամյա տուժողին՝ դիմել էր փախուստի։

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 34-ամյա Սիփան Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: