չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանում դանակահարվել են ոստիկաններ. Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Երևանում դանակահարվել են ոստիկաններ. Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

: ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2021թ. մայիսի 25-ին' ժամը 20:10-ի սահմաններում, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին հաշվառված հիվանդ է և ագրեսիվ է:  ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Մաշտոցի բաժնի ՀՈԲ տեսուչները մեկնել են քաղաքացու կողմից նշված բնակարան, որտեղ վերջինիս որդին, դրսևորելով հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է տեսուչներից մեկի ձախ ձեռքին և կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, երբ օգնության հասած օպերլիազորը փորձել է վնասազերծել 33-ամյա տղամարդուն, վերջինս դանակով վնասել է նաև օպերլիազորի աջ ձեռքը' պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

33-ամյա տղամարդը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: