կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանի նոր Պարեկային ծառայության համար կվերապատրաստվի 770 քաղաքացի

Երևանի նոր Պարեկային ծառայության համար կվերապատրաստվի 770 քաղաքացի

Հայաստանում ձևավորվող նոր Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ներկայացնելով մրցույթի մանրամասները, նշեց, որ դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 7-ը: Թեպետ չի բացառվում, որ պահանջարկը հաշվի առնելով, այդ ժամկետը երկարաձգվի:

 

«Ես կոչ եմ անում երիտասարդներին, որ գան և ակտիվ մասնակցեն: Եկեք և եղեք առաջիններից, մի վախեցեք քննություններից ու ստուգումներից: Նորմալ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող քաղաքացին կարող է անցնել, այնպես, որ ակտիվ եղեք»,- ասաց ՏիգրանԵսայանը:

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտվածությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիներy, ընդունելության դեպքում, կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Երկու սեռի ներկայացուցիչների համար պարտադիր է նաև վարորդական իրավունքի առկայությունը: Նրանք, ովքեր այս պահին չունեն, կարող են ներգրավվել վերապատրաստման դասընթացներին՝ պայմանով, որ երկու ամսվա ընթացքում ձեռք կբերեն վարորդական իրավունք:

«Դասընթացները կազմակերպելու ենք 770 հոգու համար: Ասեմ, որ սա վերաբերում է միայն Երևանի ծառաությանը: Հաջորդ փուլով մենք անցնելու ենք մյուս մարզերում նոր Պարեկային ծառայության ձևավորմանը: Այսինքն՝ մարզերի բնակիչները կարող են մի փոքր սպասել, երբ մրցույթ լինի հենց իրենց մարզում»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրեց, որ 770-ից 230 տեղ նախատեսված է իգական սեռի դիմորդների համար:

«Ասեմ, որ հետաքրքրությունը բավական մեծ է: Մրցույթy մի քանի օր է հայտարարվել, բայց արդեն 226 հոգի դիմել է: Իգական սեռի ներկայացուցիչները մոտ 30-ն են: Կարծում ենք՝ շատ դիմորդներ են լինելու, ինչը հնարավորություն կտա մեծ թվով մարդկանցից ընտրություն կատարել: Այս գործընթացը շարունակվելու է մարզերում, սակայն լինելու են նույն սոցիալական երաշխիքները, նույն աշխատավարձը: Մասնավորապես, ստորին շեմի ծառայողների համար սահմանված է 320 հազար դրամ աշխատավարձ,  հարկերը հանելու դեպքում այն կազմում է շուրջ 240 հազար դրամ: Կարծում եմ, պայմանները շատերի համար գրավիչ են»,- ասաց նախարարի տեղակալը:

 

Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն ընթացիկ տարվա աշնանը, կտևեն 5 ամիս:

  • Կիսվել: