շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Երեխան զանգել է որևէ պետական մարմին, մերժել են, ասել են՝ պիտի ծնողները զանգահարեն. սա խնդրահարույց է. ՄԻՊ

Երեխան զանգել է որևէ պետական մարմին, մերժել են, ասել են՝ պիտի ծնողները զանգահարեն. սա խնդրահարույց է. ՄԻՊ

ՀՀ–ում երեխայի իրավունքների պաշտպանության գործող համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ոչ արդյունավետ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է։ Այս մասին այսօր կառավարության նիստում երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Իրապես շատ կարևոր է, որ այս աշխատանքը մասնագիտացվում է, պարզապես կարևոր է նաև, որպեսզի կարողանանք երաշխավորել պատշաճ մասնագետների ներգրավումը այս բոլոր գործընթացներում։

Ես ևս կարևորում եմ երեխայի կարծիքը հաշվի առնելու և երեխայի լսված լինելու իրավունքի երաշխավորումը, որը այսօր դարձյալ Հայաստանում շատ խնդրահարույց մի ոլորտ է իրացման, նաև օրենսդրական կարգավորումների տեսանկյունից։ Որոշակի առումով այս նախագծերի փաթեթը լուծում է խնդիրը։

Մենք մի քանի առանձին դեպքեր ենք ունեցել, երբ երեխաները մեզ տեղեկացրել են, որ իրենք որևէ պետական մարմին են զանգահարել ինչ-որ խնդիր ներկայացնելու համար և իրենց ուղղակի մերժել են  իրենց այդ տեղեկատվությունը լսել։ Ասել են, որ պիտի ծնողները զանգահարեն։ Ուզում եմ կոչ անել բոլոր պետական մարմիններին նկատի ունենալ, որ երեխաները իրականում կարող են բողոք ներկայացնել, օրինակ, ընտանեկան բռնության հետ կապված հարցերի առնչությամբ կամ իրենց խնամքի դաստիարակության վերաբերյալ կամ ցանկացած այլ հարցի, որտեղ իրոք հենց երեխայի ձայնը պետք է լսելի լինի։

Դրա համար կոչ եմ անում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պարտադիր հաշվի առնել նաև երեխաների կողմից ներկայացվող բողոքները և երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդիրների առումով»,– հայտարարեց նա։

  • Կիսվել: