ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ կմտնենք դատաքննության փուլ, կտեսնենք՝ ինչն է ջուր և ինչն է ջախջախում. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ

Երբ կմտնենք դատաքննության փուլ, կտեսնենք՝ ինչն է ջուր և ինչն է ջախջախում. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ

«Պաշտպանական կողմի շահը դատական նիստերը ձգձգելն է, դատաքննության եւ ապացույցներին անցնելը բացառելը»,- այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա նիստի հետաձգումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե նույն պնդումը անում են պաշտպանները՝ նա ասաց, որ ձգձգում նկատում են նաեւ դատավորի կողմից, եւ պնդելով, որ իրենք ջուր-մեղադրանքը ջախջախելու են։

«Երբ մենք կմտնենք դատաքննության, մի անգամ էլ ասեմ, կտեսնենք՝ ինչն է ջուր, եւ ինչն է ջախջախվում, այդպիսի հայտարարությունները եւ իրենց վարքագիծը իրար չեն համապատասխանում․ եթե նույնիսկ իրենք հայտարարում են, որ մեղադրանքի կողմն է ձգձգում գործի քննությունը, պետք է մատնանշեն մի արարք, որ մեղադրանքի կողմը կատարել է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ չի եղել գեթ մեկ նիստ, որը հետաձգվել է իրենց բացակայության պատճառով․ «Հակառակ դրան՝ մենք ունեցել ենք դեպքեր, երբ կայացած նիստերին ներկայացրել են ինքնաբացարկի, խափանման միջոցը փոխելու միջնորդություններ, որոնց կապակցությամբ դատարանը բազմիցս դիրքորոշումներ է հայտնած եղել, եւ այդ միջնորդությունները նորից ներկայացնելը օրինականացրել են դրանց հիմքում ձեւական փոփոխություններ մտցնելով»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ առաջին անգամ չէ, որ իրենք իրավունքի չարաշահման մասին են խոսում, իսկ դատարանի կամ մեղադրանքի կողմի որևէ վարքագիծ, որը կհանգեցներ այսպիսի ձգձգումների, չի կարող մատնանշվել։

Անդրադառնալով պաշտպանների կողմից դատախազներին հայտնած բացարկի միջնորդություններին՝ Գեւորգ Բաղդասարյանն ասաց․ «Մեղադրողին բացարկ հայտնել այն պատճառով, որ ինքը մեղադրող է, ոչ թե պաշտպան, հակասում է նույնիսկ այդ իրավունքի իրացման ամբողջ տրամաբանությանը»։

Ինչ վերաբերում է դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին, ըստ դատախազի, դրանք ներկայացվել են՝ պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումը իրենց ձեռնտու չէ, որ կալանքը վերացնելու միջնորդությունը մերժելիս իբր անկողմնակալ չի եղել, եւ հաջորդ անգամ էլի նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացվել․ «Անընդհատ ասել՝ դու լավ դատավոր չես, որովհետեւ մեր միջնորդությունները չես բավարարում, ճիշտ չէ․ դա բացարկի դատավարական ինստիտուտի էությունը խեղաթյուրում է»։

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում այս գործի ընթացքը փոխվի, և մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, դատախազն ասաց․ «Ես պնդում եմ, որ հակասահմանադրական դրույթ չկա, կանխատեսումներ անել չեմ կարող, բայց ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում արտահայտելու հիմքեր չունի, այդպիսի հիմքեր չեն ստացվել նաեւ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներից, որոնցում որեւէ դրույթ չկա այն մասին, որ մեղսագրվող դրույթները իրավական որոշակիություն չունեն»։

  • Կիսվել: