հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Եռաբլուր»-ում զինծառայողների ծնողներին բռնության ենթարկելու գործով 20 անձ տուժող է ճանաչվել

«Եռաբլուր»-ում զինծառայողների ծնողներին բռնության ենթարկելու գործով 20 անձ տուժող է ճանաչվել

ՀՀ անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից հինգի մարմնական վնասվածքներն արձանագրվել են դատաբժշկական եզրակացությամբ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ վնասվածքները եղել են մարմնի տարբեր հատվածներում։

«Քրեական վարույթի շրջանակներում 20 ծնող արդեն իսկ տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որևէ ոստիկանի դեռևս մեղադրանք չի առաջադրվել, գործով կասկածյալ ևս չկա, ինչը ցավալի է»,- նշեց Հովհաննիսյանը հավելելով՝ այս պահին սպասում են տուժող ճանաչված այլ անձանց դատաբժշկական փորձաքննություններին։

Հիշեցնենք,՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել զինվորական պանթեոն՝ պատճառաբանելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնել էին, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Միջադեպի առնչությամբ 35 ՀԿ-ներ, սեպտեմբերի 22-ին հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ, որում նշել էին.

«Անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը: Այս հայտարարությամբ մենք պահանջել ենք ոստիկանապետի հրաժարականը»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ։

Ոստիկանապետը, սակայն, հրաժարական չտվեց, փոխարենը նշանակվեց ծառայողական քննություն , իսկ դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։


  • Կիսվել: