երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու առնչությամբ ծառայողական քննությունը ոստիկանությունում շարունակվում է

ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու առնչությամբ ծառայողական քննությունը ոստիկանությունում շարունակվում է

Ոստիկանությունում շարունակվում է Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ ծառայողական քննությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Ծառայողական քննությունն իրականացվում է: Այդ նյութերով զբաղվող փաստաբանը և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը դիմել էին Հատուկ քննչական ծառայություն մեր ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված: Դեռ ամեն ինչ շարունակվում է: ՀՔԾ-ում կարծում եմ մոտ ժամանակներս իրավական գնահատական կտան, և, եթե մեր ծառայողների գործողություններում լինեն կարգապահական բնույթի խախտումներ, ես կարձագանքեմ, և համարժեք կարգապահական տույժի կենթարկեմ»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 24-ին, համալսարանում գտնվող իր աշխատասենյակից: Ափոյանը ոստիկանության բաժանմունքում վկայի կարգավիճակով հարցաքննվելուց հետո դուրս է եկել բաժանմունքից: ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվել է դեկտեմբերի 20-ին ԵՊՀ բակում հնչած կրակոցների գործով, և նշել, որ դեպքի ընթացքում այդ վայրում չի եղել:

Նշենք նաև, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ:

  • Կիսվել: