Եկեք գոնե նիստից առաջ չքննարկենք հարցեր, որոնք կարող են իսկապես վտանգել իմ անաչառությունը. Սեդա Սաֆարյան
Խնդրում եմ գոնե նիստից առաջ չքննարկենք այնպիսի հարցեր, որոնք կարող են իսկապես վտանգել իմ անաչառությունը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը։
Դիտարկմանը, որ այսօր կրկին ընդդիմությունը պահանջելու է, որ ինքը չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող ՍԴ նիստին, նա ասաց. «Դա արդեն իրենց գործն է»։
Իսկ ՍԴ մեկ այլ դատավոր՝ Արտակ Զեյնալյանն էլ հավելեց. «Դա Սահմանադրական դատարանի դատավորի մենաշնորհն է՝ այդ հարցը դնել քննարկման։ Կողմերից մեկը կարող է ներկայացնել հիմքեր և դատավորներից մեկը կորոշի՝ առաջադրի, թե չառաջադրի»։
Նշենք, որ այսօր ՍԴ–ն քննարկելու է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։
Օրերս Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով ՍԴ դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:
Սակայն ՍԴ–ից հայտնել են, որ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել:
ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Հետևաբար միայն այդ դեպքում է քննվում հարցը, ինչը և տեղի է ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի դեպքում: Վերջիններս այդ նիստին չեն մասնակցելու։



