երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա։

InfoPort.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա»,- փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Երևանի կենդանաբանական այգին քիչ առաջ հաստատել է տարածվող լուրերը, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված էր Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70 հասցեներում։ Խուզարկությունների շրջանակներում քնեցվել և Երևանի կենդանաբանական այգի էին տեղափոխվել Ծառուկյանի ընդունելությունների տանը պահվող կենդանիները՝ 3 առյուծ և 1 վագր։  

 

  • Կիսվել: