հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ անարգել տեսակցելու ձերբակալված ու կալանավորված անձանց: 

Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ նմանատիպ օրինագիծ նախկինում ներկայացրել էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը մերժվել էր հանձնաժողովի կողմից:

Նրա խոսքով՝ նախագիծը նրանցից է, որ միշտ ընդդիմությունը ներկայացնում է, իսկ իշխանությունը՝ մերժում: Վերջին անգամ, ըստ պատգամավորի, այս նախագիծը ներկայացվել է այն ժամանակ պատգամավոր պարոն Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց էլի մերժվել է:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենսդրությունը նաև պատգամավորներին թույլ է տալիս, որ առանց խոչընդոտի մուտք գործեն պահման վայրեր, բայց իրավական կարգավորումն այնպես է, որ մուտք գործելն անարգել է, բայց պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելքի հանդիպել: Առաջարկում ենք հանել այս արգելքը, բացառությամբ այն դեպքերի, եթե պատգամավորը տվյալ քրեական գործով ներկայացված է որպես մասնակից կամ վկա»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: