կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատն ու գողություն անել․ խմբի անդամները ձերբակալվել են․ Ոստիկանություն

Դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատն ու գողություն անել․ խմբի անդամները ձերբակալվել են․ Ոստիկանություն

Հունվարի 31-ին՝ ժամը 3.35-ին Անդրանիկի փողոցում դիմակավորված չորս անձ տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են պայթեցնել բանկոմատն ու գողություն անել։ Այս մասին ասված է ՀՀ Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Հունվարի 31-ի գիշերն էր, ժամը 3.35-ը, երբ հսկող սարքերը մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ֆիքսեցին տարօրինակ շարժ: Դիմակավորված չորս հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձում են բանկոմատից գողություն անել: Գործի կեսն արել էին, մնում էր պայթեցնելը, երբ բանկում ծառայություն կատարող ոստիկանը ձայներ լսեց: Բանկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հսկողության տակ էր:

Հերթապահող ոստիկանը միջամտեց, և գողության եկած տղամարդիկ, գործն ու գործիքները թողած, փախան: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբեր, փորձագետ ու քննիչ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրավապահներն անցան գործի` տարածքի զննություն, վարկածների վերլուծություն և, իհարկե, օպերատիվ աշխատանք:

Օրեր տևած օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ փետրվարի 4-ին: Իրավապահներին հայտնի դարձավ, որ խմբի անդամները ցանկանում են լքել հանրապետության սահմանները և գտնվում են Ստեփանավանում: Երեկոյան ժամը 21.30-ին, ինչպես ասում են` արդեն ճամպրուկները հավաքած, Ստեփանավանում ձերբակալվեցին և, նրանցից մեկի «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Փետրվարի 6-ին դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել են նրանց մեքենան՝ հայտնաբերելով գործարանային համարով «ԳԼՈՔ» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով:

Բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկոմատների մեջ տեղադրված է հատուկ սարքավորում, և բանկոմատի վրա տեխնիկական ներգործության դեպքում թղթադրամների վրա ներկանյութ է լցվում՝ դրանք դարձնելով ոչ պիտանի։ Եվ նույնիսկ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու պարագայում կանխիկ գումարը կդառնա անպիտան», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: