ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեմ քվեարկությամբ մենք ուղղակի թույլ չենք տալիս, որ հանրային պաշտպանի ինստիտուտը կայանա. Զոհրաբյան

Դեմ քվեարկությամբ մենք ուղղակի թույլ չենք տալիս, որ հանրային պաշտպանի ինստիտուտը կայանա. Զոհրաբյան

«Այսօր հանրային յուրաքանչյուր պաշտպան տարեկան քննարկում է միջին հաշվով 130-160 գործ, և նրանք օրվա մեջ տարբեր վայրերում մի քանի դատական նիստի կարող են մասնակցել»,- այսօր խորհրդարանում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով  իր և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի կողմից առաջարկված նախագիծն ԱԺ օրակարգ չներառելուն:

Նրա խոսքով, այդ 90 հատոր գործերը երթուղայինով նստած մարդիկ մի դատական նիստից տեղափոխում են մյուսին, և չի կարող երթուղայինի վարորդից չեկ վերցնել, որ տանի այդ հարյուր դրամները փոխհատուցվի:

«Հետո բողոքում ենք հանրային պաշտպանի ինստիտուտի չկայացված լինելուց։ Մենք մշտապես լինում ենք քրեակատարողական հիմնարկներում, ասում ենք՝ ունե՞ք հանրային պաշտպան, ասում են՝ հա, հարցին՝ տեսել եք, պատասխանում են, որ մեկ անգամ եկել է, անունը չգիտեմ ինչ էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ խոսում են պաշտպանների հետ, տեսնում են, թե ինչ ծանրաբեռնված գրաֆիկով են նրանք աշխատում։

«Հանրային պաշտպաններին երբ դրա մասին ասում ենք, նրանք երթուղայինի ցանկ են ցույց տալիս՝ էս մարշրուտնիով գնացել եմ էստեղ, գնացել եմ էնտեղ»,- հավելեց պատգամավորը։

Նշենք, որ  «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացել էր բացասական եզրակացություն, որով առաջարկվում էր Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և հանային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի առնվազն 10 տոկոսի չափով հավելյալ միջոցներ տրամադրել:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենք առաջարկում էին հանրային պաշտպանների աշխատավարձի 10%-ի ավելացում, ինչը տարեկան կազմում էր 32 մլն դրամ, իսկ նրանց ճանապարհածախսերի հետ կապված վերահսկողությունն առաջարկվում էր դնել ՀՀ արդարադատության նախարարության վրա։

«Կարծում եմ՝ այս դեմ քվեարկությամբ մենք ուղղակի թույլ չենք տալիս, որ հանրային պաշտպանի ինստիտուտը կայանա»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: