երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանի կալանքը չփոխելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարանում

Դավիթ Տոնոյանի կալանքը չփոխելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարանում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` խափանման միջոց կալանքը չփոխելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
 
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ենք դեռ երկուշաբթի օրը, և մեր բողոքը մուտք է արվել դատարան։ Սակայն գործը դեռևս չի մակագրվել որևէ դատավորի»,–ասաց Հովհաննիսյանը։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
 
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։

  • Կիսվել: