կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ լրագրողներին ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, քննվում է Գալստյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

«Լրիվ տարբեր գործեր են, նախորդ քրեական գործի հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Ձերբակալման որոշման դեմ բողոք դեռ չենք հասցրել ներկայացնենք, երեկ՝ 22։00-ին տվել են, էսօր 13։00-ին նիստ են նշանակել։ Ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, բայց ռոբոտ չենք»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

  • Կիսվել: