ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատավորի առողջական խնդիրը միայն իր խնդիրը չէ․ Հայկ Ալումյանը՝ ընդհանուր իրավասության դատարանի նախագահի անտեղյակության մասին

Դատավորի առողջական խնդիրը միայն իր խնդիրը չէ․ Հայկ Ալումյանը՝ ընդհանուր իրավասության դատարանի նախագահի անտեղյակության մասին

Դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունները քննության չեն առնվում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը և նաև այն, որ պարոն Ռոբերտ Քոչարյանը համարվում է թիրախային խումբ, մենք մարտի 24-ին միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որը սակայն քննության չի առնվում։ Պատճառաբանում են, թե Աննա Դանիբեկյանը անառողջ է։ Թե ինչ առողջական խնիրներ ունի, մոտավորապես երբ կարող են այդ խնդիրները լուծվել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում», - հավելեց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, դատավորի առողջական խնդիրը միայն իր խնդիրը չէ և պաշտպանական խոմբը իրավունք ունի իմանալ՝ ինչն է խնդիրը և այն, թե երբ է ապաքինվելու։

«Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մեզ հավաստիացնում է, որ ուրիշ ոչ ոք իրավասու չէ այս հարցը քննարկել։ Տարօրինակ է, որ նա անտեղյակ է ԲԴԽ-ի համապատասխան որոշումից, որ դատաքննության ընթացքում միջնորդությունները կարող է քննել գործը քննող դատավորը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահող դատավորը բացակայում է օրենքով սահմանված այլ հիմքով», -ընդգծեց փաստաբանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը պետք է դեռևս մարտի 16-ին միջնորդության քննությունը բաշխեր դատարանի մյուս դատավորների միջև։

Ալումյանը եզրակացրել է՝ կամ դատարանի նախագահը անտեղյակ է, որ հնարավոր է միջնորդությունը քննել դատավորի բացակայության դեպքում, կամ էլ դատարանի նախագահը միտումնավոր է նման կերպ վարվում՝ անտեղի ձգձգելով միջնորդության քննությունը։

  • Կիսվել: