երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Դատավոր Ժորա Չիչոյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանից հրահանգ չի ստացել, երբ որոշել է կալանավորել Դավիթ Համբարձումյանին

Դատավոր Ժորա Չիչոյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանից հրահանգ չի ստացել, երբ որոշել է կալանավորել Դավիթ Համբարձումյանին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործից բխող տվյալներից ելնելով։Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը։

Ինչ վերաբերում է պնդմանը, որ դիտավորյալ 6 տարի 3 ամիս ազատազրկման որոշում է կայացվել, որպեսզի Դավիթ Համբարձումյանի վրա չտարածվի համաներումը, դատարավորն ասաց. «Դատավճիռը դատալեքս դատական տեղեկատվական համակարգում տեղադրված է և ամբողջությամբ այնտեղ նկարագրված է, թե կոնկրետ արարքի համար ինչ պատճառով է նշված պատճաչափը նշանակվել»։

Նա ժխտեց, թե այդ հարցով Փաշինյանից հրահանգ է ստացել. «Ոչ մեկից չենք ստացել ուղիղ հրահանգ և դրա ստանալու իրավական հիմքերը և առիթները չկան։ Գործը քննվել է ըստ էության, օբյեկտիվության սահմաններում։ Ընդ որում, նշված քրեական գործով չորս անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, մեկ անձի արարքը վերաորակվել է և վաղեմությունն ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, մեկ անձի վերաբերյալ ևս նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է։ Ընդ որում այդ մի անձի վերաբերյալ դատախազը նաև միջնորդել է, հինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակել»։

Հարցին՝ նդիր չի՞ տեսնում, որ երկրի վարչապետը կոչ է անում շրջափակել դատարանները, Չիչոյանը պատասխանեց. «Դատական իշխանության ներկայացուցիչը զերծ պետք է մնա քաղաքականությամբ զբաղվելուց և քաղաքական հայտարարություններին պատասխանելուց։ Կարծում եմ գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը քաղաքական հայտարարություն է եղել, ըստ այդմ ես չեմ կարող քաղաքական հայտարարությանը պատասխանել որպես դատավոր։

Ցանկացած շահագրգիռ անձ այս կամ այն կերպ գործի ելքով պայմանավորված կարող է որոշակի հայտարարություններ անել, որը կարող է ինչ-որ մարդու վրա ազդել, կարող է ոչ։ Դատավորի ամենաբարձր հատկանիշը պիտի լինի նա, որ բոլորի այդպիսի ազդակներից կամ այլ հանգամանքներից զերծ մնա և չտրվի նման խոսույթներին կամ ազդակներին»։

  • Կիսվել: