ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել իր անձնական տվյալների եւ բժշկական գաղտնիքի հրապարակման գործով

Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել իր անձնական տվյալների եւ բժշկական գաղտնիքի հրապարակման գործով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը իր անձնական տվյալների եւ բժշկական գաղտնիքի հրապարակման առթիվ հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժող: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին Քրեական ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ՝ առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Հարուցված քրեական գործն ուղարկվել էր Քննչական կոմիտե՝ նախաքննության, որն էլ այն ավելի ուշ ընդունել էր վարույթ:

Նշենք, որ սա երկրորդ գործն է, որով դատավորը ունի տուժողի կարգավիճակ. նա տուժող է ճանաչվել նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի կողմից իրեն հետապնդելու եւ հարցեր տալու դեպքի առթիվ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու փաստով հարուցված քրեական գործով, որն արդեն դատաքննության փուլում է:

  • Կիսվել: