ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը մերժել է կալանավորել Երևանի նախկին փոխքաղաքապետին

Դատարանը մերժել է կալանավորել Երևանի նախկին փոխքաղաքապետին

«Մեղքս չեմ ընդունում, նույնիսկ չեմ հասկանում, իսկ մնացած հարցերը պաշտպանները կպարզաբանեն: Ես չխախտեմ նախաքննության գաղտնիքը», - «Ազատությանն» այսօր ասաց Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել նախկին երկու պաշտոնյաներին։

Վահե Նիկոյանը Երևանի փոխքաղաքապետ է նշանակվել նախկին իշխանության ներկայացուցիչ, Երևանը 2011 թվականից մինչև թավշյա հեղափոխությունը ղեկավարած Տարոն Մարգարյանի օրոք՝ 2012 թվականի հունվարին և այդ պաշտոնում աշխատել է 6 տարի։ Նիկոյանը ղեկավարել է նաև Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խումբը։

Գործող քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրվելուց հետո ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Նիկոյանը մերժել էր Մարությանի առաջարկը շարունակել քաղաքապետարանում աշխատանքը ոչ թե փոխքաղաքապետի պաշտոնում, այլ՝ որպես իր խորհրդական։

Ամիսներ առաջ մամուլը գրեց, որ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն առնչություն ունի Երևանի վճարովի ավտոկայանատեղիները կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությանն առնչվող քրեական գործին։

Ըստ Գլխավոր դատախազության, դեռևս 2016 թվականին Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու հարցի վերաբերյալ: Սահմանվել է, որ Երևան համայնքն ընդունում է ընկերության 100 տոկոս բաժնեմասի նվիրատվությունը։

Սակայն պարզվել էր, որ բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք է ընդունվել մի խորհրդատվական եզրակացություն, ըստ որի ընկերության հիմնական միջոցների արժեք էր սահմանվել մոտ 2 միլիարդ դրամը։ Դրանից հետո Երևանի ավագանու 2016 թվականին ընդունած որոշմամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին: Երևան քաղաքի ավագանու նույն որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Լոկատոր» ընկերությանը: Մինչդեռ, պարզվել է, որ նվիրատվության գործընթացում «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության ակտիվների իրական արժեքը չի համապատասխանում իրականությանը. այն գնահատվել է ավելի քան 1 միլիարդ 51 միլիոն դրամով ավելի։ Սրա հետևանքով, ըստ գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713 միլիոն դրամի վարկի մարում:

  • Կիսվել: